CNN Turk. Անկարան ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ` ամենավատ սցենարին

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն Անկարայում այս տարի առավել հավանական են համարում: Անկարան ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ` ամենավատ սցենարին: Այս մասին գրում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվականը:

Նշվում է, որ թեև երկու թուրքական պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, թեև Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդառաջ չի գնա Հայոց ցեղասպանության բանաձևին, այդուամենայնիվ, այդ բոլոր քայլերը բավարար չեն արդյունքի հասնելու համար, քանի որ ԱՄՆ-ն այս տարի կարծես թե ավելի վճռական է:

«Մյուս պատճառն էլ այն է, որ Իսրայելի հետ ունեցած ճգնաժամից հետո հրեական լոբբիի աջակցությունն այլևս չկա: Մինչդեռ եթե թուրք-իսրայելական հարաբերությունները նախկինի պես լինեին, ապա հրեական լոբբին ողջամիտ պահվածք կդրսևորեր և աչք չէր փակի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման վրա»,- գրում է «CnnTurk»-ը:

Նշված լրատվամիջոցը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն հարցերի վրա, որոնք հանդիսանում են հաղթաթուղթ Անկարայի համար:

Այսպես, ըստ աղբյուրի, ԱՄՆ-ն Թուրքիայի կարիքն ունի`
1.Աֆղանստանում համագործակցելու,
2.Իրաքից ամերիկյան զինվորներին Թուրքիայի վրայով հետ քաշելու,
3.Իրանի հետ երկխոսություն ունենալու առումով:

«Բայց եթե նույնիսկ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները չվնասվեն ու բանաձևի խնդիրը վերանա, ապա երկրորդ ճակատագրական ամսաթիվն ապրիլի քսանչորսն է, երբ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա ուղերձով: Այս անգամ էլ դարձյալ մտահոգություն կա, Օբաման կօգտագործի՞ ցեղասպանություն, բառը թե՞ ոչ»,- գրում է «CnnTurk»-ը:

Աղբյուր` Panorama.am