Հիլարի Քլինթոն. «Լավ կլինի, որ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներն իրենք հաղթահարեն անցյալը»

HillaryClinton2Վաշինգտոնը շահագրգռված է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անկեղծ ու լիարժեք ուսումնասիրությամբ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Քլինթոնը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:

«Անցյալ տարի նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում հասկացրեց, որ Վաշինգտոնը շահագրգռված է պատմական փաստերի ամբողջական, անկեղծ ու լիարժեք ուսումնասիրմամբ: Սակայն ավելի լավ կլինի, որ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներն իրենք հաղթահարեն անցյալը եւ առաջ ընթանան»,- նշել է Քլինթոնը` երկու կողմին էլ խոստանալով ԱՄՆ աջակցությունը:

Պատասխանելով հարցին, թե պետքարտուղարությունը պատրաստվում է հատուկ ներկայացուցիչ նշանակել, որը կերաշխավորի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից` Քլինթոնն ասել է. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ շատ լարված աշխատանք է տարվում: Ինքս ներգրավված եմ այդ գործընթացում եւ մշտապես շփվում եմ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մենք մտադիր ենք անել ամեն հնարավորը արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու, նաեւ Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման համար: Վերջինս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բնականոնացման համար նախապայման չէ, սակայն դրա կարգավորումը կայունություն կբերի տարածաշրջանին»:

ԱՄՆ պետքարտուղարը խուսափել է կոնկրետ պատասխան տալ կոնգրեսականներ Մարկ Քըրքի եւ Ադամ Շիֆի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին պետքարտուղարության աջակցության մասին հարցադրումներին:

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը համարում է, որ Հիլարի Քլինթոնի դիրքորոշումը ցույց է տալիս, որ ամերիկյան վարչակազմի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում փոխվել է: Համենայն դեպս, ներկայիս վարչակազմի դիրքորոշումը արմատապես տարբերվում է նախորդ երկու վարչակազմերի դիրքորոշումներից, որոնք Անկարայի հետ համատեղ օգտագործում էին ամեն հնարավորություն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կանխելու համար:

«ԵՐԿԻՐ»