«Ողջամիտ ժամկետը» երկարաձգելու նոր հնարավորություն

Թուրքական «Taraf» թերթի կողմից հրապարակած «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան խուզարկություններ եւ ձերբակալություններ: Պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով փետրվարի 22-ին ձերբակալվեցին 49, փետրվարի 24-ին` 8 պաշտոնաթող եւ ծառայող բարձրաստիճան զինվորականներ, որոնց կեսը գեներալներ են:

Ելնելով այս ամենից` ՀՀ քաղաքական դաշտում ակտիվորեն սկսել են շրջանառվել տեսակետներ, իբր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կձգձգվի Թուրքիայում տիրող լարված իրադրության պատճառով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, թե Թուրքիան կարող է իր ներքաղաքական սրված իրավիճակն օգտագործել որպես հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգելու պատճառ: Նա չբացառեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի վրա գործադրվող արտաքին ճնշումների մեղմացումը:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծիք էր հայտնել, թե Թուրքիայում իրավիճակի սրացումը անորոշ ժամանակով հետաձգել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը: Ըստ նրա` «Անկարան մինչ զբաղվի ներքին խնդիրներով, կգա խորհրդարանական ընտրությունների ժամանակը…»:

Նման մտքեր հնչեցին այլ քաղաքական գործիչների կողմից եւս:

Սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ կառավարությանն ուղղված հորդոր` Թուրքիային հատկացնել եւս մեկ «ողջամիտ ժամկետ»:
Թուրքիայում տեղի ունեցող ներքին գործընթացները որեւէ առնչություն չունեն հայ-թուրքական հարաբերությունների հետ: Թուրքիայի կողմից արձանագրությունները չվավերացնելու պատճառը ոչ թե ներքին կյանքում տեղի ունեցող գործընթացներն են, այլ Ղարաբաղի հարցում հօգուտ Ադրբեջանի Թուրքիայի ակնկալած «առաջընթացի» բացակայությունը:

Վերջերս Էրդողանը նորից հստակ նշել է. «Առանց Ղարաբաղի խնդրի լուծման` մեր խորհրդարանում լուրջ դժվարություններ կան ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված»: Իսկ Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Յաշար Յակիշը հայտարարել է, որ եթե անգամ Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկի, թուրք պատգամավորները չեն հաստատի դրանք, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության հարցում դրական տեղաշարժ չի գրանցվել:

Ավելի հեռուն էր գնացել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալահադդին Բույուքայան, որը նշել է, թե արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը «համաձայնել է տարածաշրջանում խաղաղապահ գործընթացներին Թուրքիայի մասնակցությանը:

Իսկ դա նշանակում է, որ նախադրյալ է ստեղծվել, որպեսզի Թուրքիան մասնակցի Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման գործընթացին»:

Ակնհայտ է` Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը: Գուցե մեր ղեկավարությունը, ըմբռնումով մոտենալով իր նոր բարեկամի ներքին խնդիրներին, եւս մեկ «ողջամիտ ժամկետով» ձգձգի «ողջամիտ ժամկետը»: Բայց միեւնույն է, դրանից ոչինչ չի փոխվի:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ