ՀՅԴ-ն հնարավորություն տվեց գործընթացը տապալելու

Եվ այդ պատճառով երեկ «կողմ» քվեարկեց նախաձեռնությանը՝ միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերը դադարեցնելու վերաբերյալ:

Խորհրդարանը երեկ 88 «կողմ», 5 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է օրենքը լրացնել «Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը» նոր հոդվածով, ըստ որի՝ ՀՀ նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը: Այդ նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաեւ վարչապետը, ԱԳ նախարարը եւ իրավասու գերատեսչությունը:

Նախաձեռնությանը «դեմ» քվեարկեցին միայն «Ժառանգություն» խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ելույթում պահանջեց. «Հստակեցրեք չափանիշները՝ ո՞ր պարագայում է ՀՀ-ն օգտագործելու կասեցման մեխանիզմները եւ ո՞ր պարագայում՝ դադարեցման մեխանիզմները»: Բացատրելով, թե ինչու են դեմ քվեարկելու այս նախաձեռնությանը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, թե գտնում են, որ օրինագիծն ունի բազմաթիվ լրամշակումների կարիք. «Սա ընդամենը կիսաքայլ է, իսկ մենք կողմ ենք իսկապես համարձակ, խիզախ եւ ազգային շահերից բխող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության: Եվ չենք ընդունում կիսաքայլերը»:

ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը ելույթներում նույնպես քննադատեցին օրինագիծը՝ այն անվանելով «անհրաժեշտ, բայց ոչ բավարար», եւ էլի ընդգծելով այն լրամշակելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ առաջարկեցին օրինագծում դրույթ ավելացնել, որը հնարավորություն կտա վերապահումներ մտցնել միջազգային պայմանագրերում: Նաեւ առաջարկեցին միջազգային պայմանագրերը կասեցնելու կամ դադարեցնելու լիազորություն տալ ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր իշխանությանը: «Ինչո՞ւ պետք է խորհրդարանը, որն առաջնային մանդատ ունի այս կարեւոր հարցում՝ դիտորդի եւ կողքից օժանդակողի դերակատարություն ունենա»,- ասաց Արմեն Ռուստամյանը։ Այսուհանդերձ՝ դաշնակցականները «կողմ» քվեարկեցին նախաձեռնության ընդունմանը: Նաեւ հայտնեցին, որ եթե ՀՅԴ առաջարկները չընդունվեն՝ երկրորդ ընթերցման ժամանակ կքվեարկեն «դեմ»: Իսկ եթե ընդունվեն՝ պատրաստ են հետ կանչել նույն օրենքում իրենց առաջարկած փոփոխությունների նախագիծը, քանի որ դրա անհրաժեշտությունն այլեւս չի լինի: «7 օր»-ին պարզաբանելով, թե ինչու կողմ քվեարկեցին՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Քայլն ինքնին անհրաժեշտ է։ Եթե գործադիրը կամ նախագահը որոշում են, որ գործընթացից դուրս գան, եւ դրա համար իսկապես օրենսդրական հիմնավոր դաշտ է անհրաժեշտ, չեմ կարծում, որ դաշտ չտալը տրամաբանական է։ Եթե դա օր առաջ տապալվի, մեր շահերից է բխում։ Բնականաբար, այդ հնարավորությունը չտալը կնշանակի, որ մենք ինչ-որ տեղ չնպաստեցինք, որ օր առաջ երկիրն այս վտանգավոր գործընթացը կասեցնի»:

Ի դեպ, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եզրափակիչ ելույթում արձագանքելով նաեւ ԱԺ դահլիճում հնչած պնդումներին, թե հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս խախտվել են «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի դրույթները՝ պնդեց, թե որեւէ բան չի խախտվել: «Որեւէ միջազգային պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների կամ նախաստորագրելու վերաբերյալ հանրությանը իրազեկելու պարտավորություն մեր օրենքով նախատեսված չէ,- նաեւ նշեց ԱԳ նախարարը եւ հավելեց.- Որեւէ երկրի կողմից միջազգային պայմանագրեր կնքելու դեպքում նախապես՝ ստորագրումից առաջ նախագծերը չեն հրապարակվում. հրապարակվում են միայն ստորագրումից հետո: Մեր նախաձեռնությամբ էր, որ դրանք հրապարակվեցին 6 շաբաթ առաջ, որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է, եւ իրազեկվի մեր ժողովուրդը: Եվ որեւէ բան չկար թաքցնելու: Չնայած ասեկոսեներ կային, բայց հրապարակվելուց հետո պարզ դարձավ, որ չկան այն բաները, ինչի մասին ենթադրություններ էին արվում»:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօր:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»