Գինը վճարելու է ժողովուրդը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթը հայ-թուրքական արձանագրությունների հարցով խորհրդարանական լսումների ժամանակ

Լսումների հարգելի մասնակիցներ,

Քննարկվող հարցի կարեւորությունն այնքան մեծ է եւ ունի այնպիսի անմիջական նշանակություն մեր ժողովրդի ներկայի ու ապագայի համար, որ մեր պարտքն է նախ եւ առաջ ազնվորեն ու շիտակ ներկայացնել հարցն իր ողջ էությամբ եւ նպաստել, որ ամեն հայ մարդ կարողանա լիարժեք ծանր ու թեթեւ անելով` իր մասնակցությունը բերել մեր սերունդների ճակատագրի որոշմանը:

Հենց այդպիսի անկաշկանդ եւ խորքային քննարկումների բացը լրացնելուն պետք է ծառայեն այսօրվա լսումները: Ըստ այդմ, անհրաժեշտ է բացահայտել եւ չեզոքացնել հասարակությանը թյուրիմացության մեջ գցող, ապակողմնորոշող եւ ժողովրդի զգոնությունը թուլացնելուն ուղղված բոլոր միջոցները եւ հստակ մատնանշել բանավեճի բուն առարկան:

Վերջապես, ո՞րն է այն ջրբաժանը, որով զատվում են իրարից հրապարակված արձանագրությունների հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կողմ եւ դեմ հանդես եկողները:
Այդ ջրբաժանը այնտեղ չէ, որ մի մասը դեմ է ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը կամ բաց սահմաններին, իսկ մյուս մասը` ոչ:

Բոլորն էլ հասկանում են, որ հարաբերությունների կարգավորումը բնական ցանկություն է: Այո, իհարկե, կարգավորելը անհրաժեշտ է, բայց ի՞նչ գնով: Սա է խնդիրը:
Դեռ մի կողմ թողնենք այն լրջագույն հարցը, թե ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտությունը դեռ չկարգավորված, նոր` ոչ պակաս բարդ հակամարտության կարգավորման գործընթաց սկսեցինք եւ պայքարի մի նոր ճակատ բացեցինք, այն էլ` առանց երաշխիքների, որ հնարավոր լիներ բացառել այդ գործընթացների փոխկապակցումը:

Իսկ այդպիսի լավագույն երաշխիքներից մեկն այն էր, որ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ առավել եւս Թուրքիան չէր կարող պահանջել Ցեղասպանություն վերապրած եւ շրջափակման ենթարկված կողմից` գնալ ավելի մեծ զիջումների, քան այն, որ նա արդեն կատարել էր` պատրաստակամություն հայտնելով երկկողմ հարաբերությունները կարգավորել առանց իր կողմից ներկայացվող նախապայմանների:

Մենք արդեն, նախաստորագրելով այս արձանագրությունները, այս մի հնարավորությունը կորցրել ենք: Եվ այս պատասխանատու քայլի գնահատականն արդեն պատմությունը կտա: Բայց հետագային թողնելով այս խնդիրը, ճշտենք, թե ով ինչպես է պատկերացնում այսպիսի կարգավորման գինը, եւ ով է իրականում այն վճարելու: Մի բան հստակ է, որ դա օրվա իշխանությունները չեն, այդպիսի գինը շատ քիչ է Թուրքիայի համար: Դա պետք է վճարի մեր ժողովուրդը իր սերունդներով:

Եվ հենց սա հետզհետե գիտակցելով է, որ փորձ է արվում շփոթեցնել հասարակությանը` աղավաղելով կամ նենգափոխելով այն թեզերը, որի շուրջ էլ պետք է ընթանա իրական բանավեճը: Իսկ դա չափազանց պարզ է եւ վերաբերում է հետեւյալին` այս արձանագրությունները թուրքական նախապայմանների իրականացման համար հո՞ղ են ստեղծում, թե՞ ոչ: Եթե` ոչ, ուրեմն կարգավորումն իսկապես առանց նախապայմանների է, իսկ եթե `այո, ուրեմն մենք, գիտությամբ թե անգիտությամբ, ընդունել ենք թուրքական նախապայմանները, ուրեմն նաեւ թույլ ենք տվել լրջագույն շեղում արտաքին քաղաքականության ուղեգծից: Իմ համոզմամբ, հենց այս վերջինն էլ տեղի է ունենում մեր աչքերի առաջ:

Որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ` անգամ կողմ եղողներն են հաստատում, երբ չեն թաքցնում իրենց մտահոգությունները կամ երբ փորձում են հարցն ուրիշ տեղ տանել` ասելով, թե արդյո՞ք վտանգավոր են այդ նախապայմանները, կամ արդյո՞ք մենք այդքան զորեղ ենք, որ կարող ենք չընդունել դրանք: Կամ էլ ավելի փիլիսոփայական հարց են դնում, որ կա նախապայման ասվածի սխալ ընկալում, որ նախապայմանն այն է, երբ նախ այս կամ այն պայմանը պետք է կատարես, հետո նոր գնաս հարցի լուծման:

Եվ քանի որ արդեն գնում ենք հարաբերությունների հաստատման եւ գտնվում ենք սահմանների բացման շեմին, իսկ մյուս կողմից էլ` ուղղակի հղում չկա Կարսի պայմանագրին, Հայաստանը չի հրաժարվել Ցեղասպանության հարցից եւ չի ստորագրել Ղարաբաղի հետ կապված փաստաթուղթ, ուրեմն հարաբերությունները հաստատվում են առանց նախապայմանների:

Բայց պարզից էլ պարզ է, որ երբ ուզում են մեկին թունավորել, բաժակի վրա «թույն» չեն գրում: Ոմանց էլ թվում է, որ եթե Հայաստանն ինքը նախապայմաններ չի առաջադրել Թուրքիային, եւ մենք ինքներս գնում ենք այդ տրամաբանությամբ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման` դա հենց այն է, ինչը մեզ պետք էր:

Սակայն դժվար չէ կռահել, որ երբ նախապայմանները դիվանագիտական հմուտ ձեւակերպումների տակ ներառվում են փաթեթային համաձայնության մեջ, որը սկզբնավորում եւ ուղղորդում է հարաբերությունների հաստատման որոշակի հստակ փուլային գործընթաց, դրանով իսկ արդեն երաշխավորվում է այդ նախապայմանների իրականացումը: Ուստի բանավոր անվերջ պնդումները, թե գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների, ոչնչով չեն նպաստելու այդ ցանկության բավարարմանը:

Խնայելով ժամանակը` չեմ ուզում այստեղ կրկին ներկայացնել այն անհերքելի փաստարկները (վստահ եմ, որ դրան ուրիշ անդրադարձողներ դեռ կլինեն), որոնք լիովին քողազերծում են նախապայմանների առկայությունը զույգ արձանագրությունների մեջ, ուղղակի ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող այն տեսակետներին, թե արդյո՞ք մենք այդքան լուրջ կորուստներ կունենանք, եթե մեր մտահոգություններն իրականանան:

Իհարկե կունենանք, եւ մասնավորապես` ընդհանուր սահմանների ճանաչման մասին արձանագրության մեջ տեղ գտած ձեւակերպումը Թուրքիային եւ Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափել Կարսի պայմանագրի թե՛ իրավական վիճարկման հետեւանքներից, թե՛ իրենց համար խիստ վտանգավոր` դրանում առկա որոշակի դրույթների արծարծումից եւ հասնել Խորհրդային միության ու Թուրքիայի միջեւ հաստատված սահմանների դե յուրե ճանաչմանը անկախ Հայաստանի կողմից: Այսինքն` մենք հայտնվում ենք շատ ավելի անբարենպաստ դիրքերում, քան կլինեինք սոսկ Խորհրդային Հայաստանի իրավաժառանգորդը հանդիսանալու պարագայում:

Մյուս` չափազանց վտանգավոր տեսակետը, որ ակտիվորեն շրջանառվում է մեզանում, սա է` ինչ էր մեզ տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, որ հիմա մտահոգ ենք դրա կասեցումից: Չեմ ուզում անդրադառնալ այսպիսի հարցադրման բարոյական կողմին` դա թողնելով այդ մարդկանց խղճին, բայց մի բան ակնհայտ է դառնում, որ հիրավի այդ պայքարի մեջ եղողները միայն լավ գիտեն գործընթացի արժեքը: Եվ դա ոչ միայն հայկական լոբբինգին է վերաբերում, այլեւ հենց Թուրքիան շատ լավ գիտի, թե դա ինչ ազդեցություն է գործում:

Հակառակ պարագայում այդպիսի աստղաբախշական գումարներ ու ջանք չէր թափի Ցեղասպանության միջազգային գործընթացի դեմն առնելու համար, եւ նա դա երբեք չէր հաջողի, չնայած իր հակաթեզերին, համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկներին եւ դիվանագիտական հնարանքներին, եթե մենք ինքներս չհամաձայնեիք ստեղծել պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող այդ չարաբաստիկ ենթահանձնաժողովը: Չնայած Օբամայի ուղերձի հետ կապված հայտնի իրադարձությունների ականատեսը լինելուն` շատերի համար, դժբախտաբար, այդպես էլ հասկանալի չէ կամ ձեռնտու չէ հասկանալ, թե ինչ մեծ նվեր ենք մատուցում Թուրքիային` Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը միջազգային մակարդակից իջեցնելով երկկողմ հարաբերությունների հարթության վրա:

Եվ դա այն դեպքում, երբ տասնամյակների անկոտրում պայքարի շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը այլեւս չէր ընկալվում սոսկ հայկական հարց, այլ Օսմանյան Թուրքիայում կատարվածը դատապարտվում էր որպես մարդկության դեմ գործված հանցագործություն` ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչպես Հոլոքոստը: Այդպիսինները, թերեւս, մինչեւ հիմա էլ չեն հասկացել, թե ինչ ստացան եւ դեռ շարունակում են ստանալ հրեաները Նյուրնբերգից եւ Հոլոքոստի միջազգային ճանաչումից:

Ավելին, եթե միջազգային հանրության համար Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանների մեջ կար մեկը, որ ամենաանբարոն ու ամենաանտրամաբանականն էր գնահատվում` հենց նրա այդ պահանջն էր` ուղղված Ցեղասպանություն վերապրած կողմին` դադարեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Արդյունքում` կորցնելով մեր հաղթաթղթերը, չենք հաջողել անգամ իր իսկ զենքով իր դեմ պայքարելու միջոցով օգտագործել Կարսի փաստացի գործող` այսպես կոչված «բարեկամության պայմանագրի» նախաբանում մատնանշված «ազգերի բարեկամության եւ ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքները եւ պահանջել Թուրքիայից նախ եւ առաջ վերացնել ցամաքային շրջափակումը` որպես թշնամանքի ակնհայտ դրսեւորում, եւ արձանագրություններում տարածքային ամբողջականության կողքին ամրագրել նաեւ ազգերի ինքնորոշման դրույթը, որով հնարավոր լիներ խուսափել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ մեզ ոչ ձեռնտու փոխկապակցումից:

Այսպիսով, միջազգային հանրության առջեւ Թուրքիայի ստանձնած «հարեւանների հետ զրոյական խնդիրներ» պարտավորությունը այդ երկիրն իրականացնում է` Հայաստանին մղելով հրաժարվել իր արդար պահանջատիրական իրավունքներից:

Այդ գինը վճարելու այսօր շրջանառվող միակ հիմնավորումն այն է, որ երկիրը մեկուսացման վտանգները չեզոքացնելու հրատապ անհրաժեշտության առաջ է կանգնած, եւ մեզ օդ ու ջրի պես պետք է բացել այս սահմանները: Հետաքրքիր զուգադիպությամբ, ըստ էության, կրկին նույնանման թեզն է արծարծվում, որ կար 1997 թվականին: Այն ժամանակ այն հնչում էր այսպես. «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, եւ Ադրբեջանի շրջափակման մեջ ենք»: Հիմա էլ հայ ժողովուրդը «լավ չի ապրի», քանի սահմանները Թուրքիայի հետ փակ են, եւ մեկուսացման մեջ ենք:

Այսպիսի մոտեցումին դեմ եղողները այն ժամանակ որակվեցին որպես պատերազմի կողմնակիցներ, հիմա` որպես Թուրքիայի հետ հավերժ թշնամություն պահպանելու կողմնակիցներ կամ անցյալով ու երազանքներով ապրող ռոմանտիկներ: Միակ խնդիրն այն է, որ նման մոտեցումներ առաջ քաշելուց առաջ պետք է նախ ապացուցել, որ բոլոր հնարավոր միջոցները գործադրվել են ներքին սպառնալիքները չեզոքացնելու, ներազգային համերաշխություն ստեղծելու եւ ազգը համախմբելու ուղղությամբ, եւ միայն սա է մնացել մեր վերջին հույսը:

Այսօր կարող է ճիշտ հակառակը տեղի ունենալ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չարձանագրելով որեւէ իրական արդյունք` հենց ինքը` այսպիսի գործընթացը, պատճառ կդառնա ներազգային պառակտումների համար:

Հետեւաբար, կարեւորագույն պահանջը, որին պետք է բավարարի մեր արտաքին քաղաքականությունը, հետեւյալն է` ապահովել պայմաններ երկրի անվտանգության եւ զարգացման համար` միաժամանակ չզիջելով եւ չհրաժարվելով ազգային նպատակներից ու ձեռքբերումներից: Մենք պարտավոր ենք ազգովի ապացուցել, որ ընդունակ ենք շրջափակման պայմաններում էլ լուծումներ գտնել եւ մեր սեփական ռեսուրսը գոյացնել: Հակառակ պարագայում մեր թշնամինները միշտ ունենալու են այն տպավորությունը, որ մենք վաղ թե ուշ, միեւնույն է, անձնատուր ենք լինելու: