ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արագորեն վավերացումը նշանակում է հանձնվել»

ArmenRusamyan2Լոնդոնյան այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի հեղինակավոր ամբիոնից, որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ, բացառեց պայմանավորվածության համաձայն՝ առանց նախապայմանների Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելու դեպքում Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ճիշտ չի համարում՝ պատճառաբանելով, որ այն, ըստ էության, ցուցում է Ազգային Ժողովի մեծամասնությանը և Հայաստանի հեղինակության բարձրացմանը չի նպաստում։

Ա. Ռուստամյանի համար անընդունելի է նաև Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ԱԺ ուղարկելու ՀՀ նախագահի քայլը, քանի որ, ԳՄ անդամի խոսքերով, այդպիսով, Սերժ Սարգսյանը չի կատարել ՀՀ սահմանադրական դատարանի պահանջը՝ ՀՀ քայլերը պետք է ներդաշնակ լինեն ՍԴ իրավական դիրքորոշումների հետ։

Նույն «Չեթթըմ Հաուս»-ում ՀՀ նախագահն, ըստ էության, հերթական անգամ հայտարարեց նաև, որ ՀՀ խորհրդարանը զույգ արձանագրությունները կվավերացնի դրանք Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո միայն։ Սակայն օրեր անց հրավիրած ասուլիսում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանն ասել է, որ այս հարցում էլ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի։ Խոսվում է անգամ Հայաստանի կողմից առաջինը վավերացնելու մասին։

Իրարամերժ այս հայտարարություններն Ա. Ռուստամյանն այն բանի ապացույցն է համարում, որ ՀՀ-ն այսօր չի տիրապետում իրավիճակին, կատարում է իրավիճակային քայլեր, որոնք ոչնչով չեն նպաստելու մեր դիրքերի ուժեղացմանը։

– Նախաձեռնողական, նախահարձակ արտահայտությունները մարդիկ հաճախ նույնացնում են նախապես զիջելու հանգամանքի հետ, – կարծում է ՀՅԴ ներկայացուցիչը՝ միաժամանակ հավելելով, որ քանի որ ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացները փոխկապակցվել են, այդ պատճառով էլ այժմ մրցավազք է սկսվել՝ որ գործընթացը որից առաջ գցել.

– Ղարաբաղի հարցը չլուծած՝ հայ-թուրքական թնջուկը բացեցինք և ստացանք երկու ճակատ։ Հիմա մեկն ասում է՝ եկեք այս մի ճակատը սառեցնենք. չենք կարողանում երկու ճանապարհով գնալ (դրա տրամաբանությունը մի քիչ մոտիկ է նրան, որ նախագահն է ասում), մյուսն ասում է՝ եկեք վավերացնենք, դա՛ ունենք զիջելու, այս ճակատում հանձնվենք, որպեսզի մյուս ճակատը գոնե կարողանանք առաջ մղել։ Արագորեն վավերացում նշանակում է ընդհանրապես հանձնվել, նշանակում է, որ դու այլևս կախված ես թե՛ միջազգային հանրության բարեհաճությունից, թե՛ Թուրքիայի քմահաճույքից, և չկա ոչ մի երաշխիք, որ Թուրքիան քո վավերացումից հետո կից հայտարարությամբ չի մատնանշի բոլոր այն հարցերը, որոնք իր համար կարևոր են։ Մանավանդ դրա օրինակն ունենք Ցյուրիխում։

ՀՅ Դաշնակցության կողմից առաջարկվող վերապահումների տեքստն արդեն պատրաստ է։ Խորհրդարան է ներկայացվելու նաև «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի ընդունումն ԱԺ-ին նաև վերապահումներ անելու իրավունք կտա։ Իսկ եթե այդ օրենքն էլ չընդունվի, ապա Ա. Ռուստամյանը մի ճանապարհ էլ է մատնանշում՝ մերժել հայ-թուրքական արձանագրությունները և ՀՀ կառավարությանն առաջարկել այդ փաթեթն ԱԺ ներկայացնել վերապահումներով։ Ամեն դեպքում ՀՅԴ-ն կողմ կքվեարկի արձանագրությունների վավերացմանը համապատասխան վերապահումներով, որոնք կարող են լիովին համահունչ լինել ՍԴ-ի իրավական դիրքորոշմանը.

– Հենց այսօր էլ վավերացնենք վերապահումներով։ Եթե մենք վերապահումներն ընդունում ենք և չեզոքացնում վտանգները, վավերացնենք հենց հիմա, որևէ խնդիր չկա,- հայտարարեց Ա. Ռուստամյանը։


Արեգնազ Մանուկյան
7or.am