2009 թ. կստորագրվի հայ–թուրքական համաձայնագիր. կարծիք դաշնակցականից

«Կարելի է եզրակացնել, որ այս տարի կարող է ինչ–որ համաձայնագիր ստորագրվի, որի հիմնական պատասխանատվությունը, սակայն, մնացել է Թուրքիայի վրա։ Հայկական կողմը ասել է իր խոսքը, և հենց Թուրքիայի կողմից է քաղաքական կամք պետք»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու հավելել, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում դերակատարություն ունենալ և հասկանում է, որ առանց Հայաստանի հետ քիչ, թե շատ հարաբերություններ հաստատելու, դա հնարավոր չէ։

Կիրո Մանոյանը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի՝ Հայաստան կատարելիք ապրիլյան այցի ժամանակ համաձայնագիր չի ստորագրվի, քանի որ Թուրքիան սպասում է ԱՄՆ–ին, թե արդյոք ապրիլին նա կարտասանի «ցեղասպանություն» բառը։

«Բայց որ 2009 թ. նման փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Թուրքիայի միջև, հավանական է»,– հայտարարել է Հայ դատի գրասենյակի պատասխանատուն ու հավելել սակայն, որ չի պատկերացնում, թե այդ ինչ բնույթի համաձայնագիր պետք է ստորագրվի։ Մանոյանը ասել է, թե հավանական փաստաթղթի մասին ավելի շատ տեղեկատվություն է սփռում Թուրքիան, քան Հայաստանը ու հավելել, որ Հայաստանը պետք է լրացնի այդ բացը։

Հայ–թուրքական կողմերի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման ու առհասարակ կողմերի միջև հարաբերությունների բարելավման հարցում ՀՅԴ–ն մտահոգություն ունի։ Կիրո Մանոյանն ասել է, որ երկկող բանակցություններում Հայաստանը չպետք է այնպիսի քայլ անի, որը կկաշկանդի իրեն վաղվա իրավունքները պաշտպանելիս, ու բացի դա՝ Հայաստանը չպետք է որևէ որոշում կայացնի, որը կասկածի տակ կառնի Հայոց Ցեղասպանության փաստը։

«Հայոց Ցեղասպանության ճանաչումը բխում է Ամերիկայի շահից»

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, հավանական է, ապրիլի 24–ի ուղերձում կարտասանի «Հայոց Ցեղասպանություն» բառերը, և դա ռոմանտիզմի ոլորտից չէ։ Այս կարծիքն է այսօր Մամուլի ազգային ակումբում հայտնել Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ նշելով, որ թե՛Օբաման է իր նախընտրական շրջանում խոստումներ տվել, թե՛ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու փոխնախագահ Ջոն Բայդենը երկար ժամանակ պայքարել են Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։

«Հայոց Ցեղասպանության ճանաչումը հենց Ամերիկայի պետական շահն է»,– ասել է Կիրո Մանոյանն ու մեկնաբանել, թե հենց Ամերիկան պետք է ցանկանա այնպիսի դաշնակից ունենալ, որը ցեղասպանությունը գործել է, բայց առնվազն ճանաչել։ Ըստ դաշնակցականի՝ ԱՄՆ–ն ինքը չի ցանկանա այդպիսի դաշնակից ունենալ, որը կարող է հաճախ շանտաժներով խոսել անգամ իր հետ։

Ապրիլի 6–ին նախատեսված Բարաք Օբամայի այցը Թուրքիա, Կիրո Մանոյանի կարծիքով, երկու մեկնաբանության տեղիք է տալիս։ Նախ, ըստ նրա, Օբաման երևի որոշել է չօգտագործել ցեղասպանություն բառն իր ապրիլյան ուղերձում, դրա համար էլ գնում է Թուրքիա։ Եվ երկրորդ պատճառը, ըստ Կիրո Մանոյանի, որին ինքն ավելի է հակված, Օբաման որոշել է արտաբերել ցեղասպանություն բառը և գնում է Թուրքիա՝ նրան սիրաշահելու։ ԱՄՆ նախագահի թուրքական այցի մի երրորդ պատճառ էլ կա, որը, սակայն, Կիրո Մանոյանը անհավանական է համարում, այն է՝, որ ԱՄՆ նախագահը գնում է Թուրքիա՝ ասելու, թե պետք է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատվեն։

Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո հաջորդ քայլը, դաշնակցական գործչի մեկնաբանմամբ, թուրք հասարակության հետ հարցի շուրջ քննարկումներ սկսելն է։

«Մենք հենց հաջորդ քայլի մեջ ենք»,– ասել է բանախոսն ու հավելել, որ պետության ճանաչումը կարող է ուշանալ, բայց մենք արդեն սկսել ենք քննարկումները թուրք հասարակության հետ, և հարկավոր է դա ավելի խորացնել։ Որպես թուրք հասարակության հետ սկսված քննարկում՝ Կիրո Մանոյանը մատնանշել է ներողության ակցիան, որի տակ ստորագրել են ավելի քան 30 հազար թուրքեր։

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր Մամուլի ազգային ակումբում, անդրադառնալով հայկական ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությանը, անհասկանալի հայտարարություններ է դրանք համարել։

«Իսկապես անհասկանալի է, թե նման հայտարարություններ ինչպես կկատարավեն, և դա ազգային անվտանգության լուրջ խնդիր է»,– հավելել է Կիրո Մանոյանը։

Դաշնակցությունը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել կառավարությանը

Կոալիցիայի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) պատրաստվում է կառավարությանը տնտեսական բլոկի առաջարկներ ներկայացնել՝ կապված հայ–թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում անհրաժեշտ քայլերի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Հասկանալի է, որ հայ–թուրքական սահմանի բացումը միանշանակ դրական չի լինելու»,– հայտարարել է Կիրո Մանոյանն ու հավելել, որ հայ–թուրքական սահմանի բացման դեպքում թուրքական տնտեսության ներխուժման հնարավորություն կա, իսկ Հայաստանն անհավասար վիճակում է։ ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, որ իրենց կուսակցությունը կառավարության առաջարկություններ կներկայացնի այն մասին, թե ինչ անհրաժեշտ քայլեր կան, որոնք պետք է ձեռնարկվեն։

Tert.am