ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի

Վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության ոլորտում դրսեւորվում է աննախադեպ ակտիվություն։ Գործընթացներն ուղղված են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես եւ թուրքական կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման վերացմանը։ Իրադարձությունների արագ զարգացումը թելադրում է դիրքորոշումների հստակեցում, հնարավոր մարտահրավերների հաշվարկում եւ համապատասխան հակաքայլերի ձեռնարկում, որոնց ապահովման դեպքում կերաշխավորվեն հայության շահերը ու կչեզոքացվեն հնարավոր վտանգները։

Նկատի ունենալով առկա իրողություններն ու հնարավոր զարգացումները` մենք` «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի մասնակիցներս, երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ ենք համարում հետեւյալ սկզբունքների որդեգրումը.

– հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չպետք է ներառի այնպիսի նախապայման, որը կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ խոչընդոտել խնդրի հետապնդմանը,

– դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակում` բացառելով նախապայմանների եւ միակողմանի պարտավորությունների առաջադրումը,

– հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը չպետք է պայմանավորվի երրորդ կողմի շահերով,

– հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման հանդիսանալ Ղարաբաղյան հիմնահարցը եւ դրա լուծման որեւէ սցենար,

– Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն իրավահավասարության, երկու կողմերի իրավունքների ու կենսական շահերի հարգման հիման վրա` առանց այնպիսի նախապայմանների, որոնք կարող են սպառնալ մեր հոգեւոր ու ֆիզիկական անվտանգությանը, վիրավորել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու պատմական հիշողությունը:

«Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողով
22.04.2009