Հայաստանը պետք է վերադառնա իր սկզբունքային դիրքորոշմանը

Երեւան – Ապրիլի 22-ին Երեւանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր խորհրդաժողով, որի նպատակն էր ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները։

Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը միշտ կարեւորելու է հայ-թուրքական հարաբերությունների հասարակական, գիտական քննարկումները։

«Վստահ ենք, որ այս հիմնախնդիրը Հայաստանի անկախության հռչակման առաջին իսկ օրից մեր պետականության առաջ կանգնած կարեւորագույն հարցերից է։ Կապված վերջին զարգացումների հետ` այսօր առավել քան ճիշտ է հնչում հետեւյալ խոսքը. «Նա ով չի կարողանում հստակ, պարզ հարգանքով գնահատել եւ արժեւորել իր անցյալը, ապագային նայելու է վախով եւ կասկածանքով»։ Հենց այս մտահոգությամբ է նաեւ, որ ՀՅԴ-ն կազմակերպել է այս քննարկումը եւ շատ կարեւորում է անկաշկանդ գնահատումը, որպեսզի մեր մտավորականությունը, հասարակական շերտերը կարողանան հասարակությանը փոխանցել իրենց տեսակետները եւ մտահոգությունները, որպեսզի ձեւավորվի համահայկական մտածողություն»,- ասաց Լեւոն Մկրտչյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով` այս քննարկման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին ժամանակներս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղ գտած մտահոգիչ երեւույթներով։ «Մտահոգություններն առավել առարկայական դարձան, երբ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներում կրկին սկսեց գերակայել նախապայմաններով առաջնորդվելու` չափազանց վտանգավոր տրամաբանությունը»,- ասաց Ա. Ռուստամյանը` ավելացնելով, որ այս ամենը կրկին ապացուցում է այն ճշմարտությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի այնպես, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը չտուժի որեւէ անհեռատես քայլի պատճառով։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կոշտ քննադատության ենթարկեց հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը։ Ըստ նրա` Հայաստանը ներկայումս պարտված կողմ է, «քանի որ Թուրքիան կարողացել է իր նախապայմաններն ընդունելի դարձնել` առնվազն մեկնաբանությունների տեսքով, եւ այդ մասին ոչ թե հայկական կամ թուրքական աղբյուրներն են ասում, այլ նույնիսկ, օրինակ, Օբաման»: Հ.Մարգարյանի կարծիքով` մեկ տարի առաջ Թուրքիան Ղարաբաղի հարցով տեսակետ հայտնելու բարոյական իրավունք անգամ չուներ, կողմ չէր համարվում, իսկ այսօր արդեն որպես կողմ է ներկայացվում։

«Հայաստանի իշխանությունները 1990 թվականից ի վեր հայտարարում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, եւ այսօր Հայաստանը չպիտի զիջի այդ սկզբունքային դիրքը: Այսինքն` եթե այդ դիրքը չզիջեինք, այդ սկզբունքից կառչած մնայինք, ամուր մնայինք, թուրքական կողմը միշտ կներկայանար աշխարհին իբրեւ մեղավոր»,- ասաց Հրանտ Մարգարյանը` նշելով, որ մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը Թուրքիան դիտվում էր որպես Հայաստանի նկատմամբ անհանդուրժող, անբարյացակամ կեցվածք ունեցող երկիր, իսկ այժմ նա ներկայանում է որպես բարիդրացիական հարաբերությունների ջատագով պետություն:

Եվ այս ամենի պատճառը, Հրանտ Մարգարյանի կարծիքով, այն է, որ Հայաստանն այսօր պարտվածի կարգավիճակում է:

«Ազգային հարցերը մեկ ընդհանրություն են, ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը մեկ հիմնական էություն ունի: Այդ էությունը չի կարող հարցից հարց տարբերվել: Իսկ եթե մենք մտածում ենք, որ Ղարաբաղի հարցով կարելի է ոչ մի բան չզիջել, բայց մյուս ազգային հարցերում ինչ-որ բան զիջել, դա հենց այն ծուղակն է, որի մեջ ընկնում ենք եւ զիջում ենք ամեն ինչ: Եվ ես կարծում եմ, որ սա է, որ մենք պետք է հասկանանք. Ղարաբաղի հարցը, Ցեղասպանության հարցը, Արեւմտահայաստանի ազատագրման հարցը, Ջավախքի հարցը, Հայաստանի անկախության հարցը մեկ ամբողջականություն են: Եվ ճիշտ ազգային մոտեցումով է, որ մենք պետք է կարողանանք այդ հարցերին լուծում գտնել: Հարցերից որեւէ մեկը մյուս հարցերի համար չի կարելի մատաղ անել»,- ասաց Հրանտ Մարգարյանը` նկատելով, որ հայկական կողմը պետք է վերադառնա իր սկզբունքային դիրքորոշմանը` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հայտարարեց նաեւ, որ «ազգային հարցերը, Ցեղասպանության խնդիրը հայ ժողովրդի բաց նյարդն են, եւ դրան դիպչողը կստանա համապատասխան արձագանք»:

Հիմնական զեկույցներով հանդես եկան «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը, ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարի տեղակալ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Քննարկման մասնակիցները միջոցառման ավարտին ընդունեցին հայտարարություն:

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ