Պետք է պատրաստ լինել մարտահրավերներին

Երեւան – Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ի վիճակի է ապահովել տարածաշրջանային հավասարակշռությունը: Այս կարծիքը ապրիլի 20-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:

«Հայաստանի դերը տարածաշրջանում այսօր մեծանում է նրանով, որ, փաստորեն, Հայաստանը միակ երկիրն է, որն ի վիճակի է ապահովել տարածաշրջանի երկրների միջեւ համապատասխան հավասարակշռությունը: Այս առումով Հայաստանն ունի կոնկրետ, հստակ լծակներ»,- ասաց բանախոսը:

Արա Նռանյանը նշեց, որ Հայաստանը եզակի երկիր է, որն ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության եւ լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ: Նաեւ ակտիվորեն ընթանում են եվրոպական ինտեգրման գործընթացները, հաստատվել են հայ-իրանական տնտեսական ջերմ հարաբերություններ: Ընդ որում` այս բազմաբեւեռ գործընթացներն իրականանում են առանց փոխադարձ խանդի դրսեւորման:

Բանախոսի կարծիքով` Հայաստանի համար լուրջ եւ կոնկրետ լծակներ են Ղարաբաղյան, նաեւ Նախիջեւանի հարցերը` Ադրբեջանի նկատմամբ, իսկ Ջավախքի հարցը` Վրաստանի նկատմամբ: Իրանի դեպքում, ըստ Ա.Նռանյանի, լծակն այն է, որ սերտ տնտեսական հարաբերությունների արդյունքում Հայաստանը դարձել է այն երկիրը, որի միջոցով Իրանը շփվում է քրիստոնյա աշխարհի եւ Եվրոպայի հետ, իսկ Ցեղասպանության խնդիրը հզոր լծակ է Թուրքիայի նկատմամբ: Փաստորեն, Հայաստանը կարող է այսօր տարածաշրջանում «ամրակ պետություն» լինել ե’ւ Եվրամիության, ե’ւ ԱՄՆ-ի, ե’ւ Ռուսաստանի Դաշնության համար:

Հայ-թուրքական հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ տնտեսական ոլորտում: Սա պարզել են մասնագետները, ովքեր աշխատում են ՀՅԴ Բյուրոյի հանձնարարությամբ ստեղծված խմբում: Ուսումնասիրվել է, թե Հայաստանի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը: Առաջին հերթին խնդիրները վերաբերում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որի անդամ են ե’ւ Հայաստանը, ե’ւ Թուրքիան:

Արա Նռանյանը պնդում է, որ կազմակերպության կողմից երկու պետություններին առաջարկված պայմանները տարբեր են, ընդ որում` Հայաստանի համար դրանք շատ խիստ են: Փաստորեն, Հայաստանը ունենալու է լուրջ խնդիրներ թե’ մեր ապրանքները արտահանելու, թե’ թուրքական ապրանքների ներհոսքին դիմակայելու առումով:

Այս եւ այլ վերլուծությունները դաշնակցականները պատրաստվում են առաջիկայում ներկայացնել կառավարությանը` բացահայտված խնդիրների լուծման ձեւերը գտնելու համար: Եվ հայկական կողմը, ըստ Ա.Նռանյանի, պարզապես պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը եւ պատրաստ լինի նոր տնտեսական մարտահրավերների:

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ