Թուրքիայի վարչապետը ՀՀ նախագահի նման լավատես չէ

Երեւան – Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ որեւէ համաձայնագիր չի կարող ստորագրվել: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Միանո՞ւմ եք, արդյոք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արած հայտարարությանը, թե մինչեւ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ հոկտեմբերին Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային հանդիպումը հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացվի» հարցին Թուրքայի վարչապետը պատասխանել է. «Ձեր ասածները ես դիտում եմ որպես ԶԼՄ-ների միջոցով տարածված լուրեր: Դուք նայում եք այստեղից-այնտեղից եկած լուրերին, դուք չեք նայում, թե ինչ է ասում ձեր` Թուրքիայի Հանրապետության վարչապետը: Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր չի կնքվելու… Այս հարցը բացարձակապես կապված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»,- հայտարարել է Էրդողանը` ավելացնելով, որ Հայաստանի նախագահի հնարավոր այցը Թուրքիա` ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու կապակցությամբ, «դեռ չի նշանակում զարգացում խնդրի կարգավորման առնչությամբ»:

«Որովհետեւ մեր նախագահը այնտեղ չէր գնացել այդ նպատակով»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:

«ԵՐԿԻՐ»