Ահմեդ Դավութօղլու. «Որեւէ բան չի կարող ստվերել Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցը»

Հեղինե Բունիաթյան, Պրահա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ահմեդ Դավութօղլուն երեկ Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդական Ջիմ Ջոնսին: Թուրք դիվանագետը «Ռոյթերզ»-ին ասել է, թե հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Կոնգրեսում վերջերս շրջանառության մեջ դրված` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ անդրադարձ է եղել ցեղասպանությունը ճանաչելու` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներին:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ դա շատ զգայուն հարց է պաշտոնական Անկարայի համար, Դավութօղլուն ասել է, թե, այդուամենայնիվ, «որեւէ բան չի կարող ստվերել Բարաք Օբամայի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցը»:

Թուրք դիվանագետը խուսափել է հստակ պատասխանել հարցին, թե արդյո՞ք այժմ Օբաման վերանայել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումները, սակայն նշել է, թե ԱՄՆ-ի նախագահի օգնականի հետ զրույցը եղել է «շատ բարեկամական եւ փոխհամաձայնեցված»:

Թե հատկապես ինչ են քննարկել Ջոնսն ու Դավութօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանել: «Մեր ուշադրության կենտրոնում այժմ այն հարցն է, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները օգնել Հայաստանին ու Թուրքիային` միասնաբար հաշտվել անցյալի հետ», – ասել է խորհրդի խոսնակն ու հավելել. – «Կարեւոր է, որ այս երկրները կարողանան բաց եւ անկեղծ երկխոսություն վարել իրենց անցյալի վերաբերյալ»:

Թեմայի շուրջ մեկնաբանություններից հրաժարվել է նաեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: «Չէի ուզենա անդրադառնալ այդ խնդրին, քանի դեռ մենք մանրամասնորեն չենք անդրադարձել դրան եւ չենք քննարկել այն կառավարության հետ», – չորեքշաբթի օրը ասել էր Պետդեպարտամենտի խոսնակը:

Իր հերթին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այժմ պատեհ ժամանակ է Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը շրջանառության մեջ դնելու համար, ասել է. – «Բարաք Օբամայի առաջիկա այցը տարածաշրջան չի կարող ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, եւ այժմ Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր կշարունակեն հիմնավորել այդ պնդումը»:

Փելոսիի խոսնակն ասել է, թե տեղյակ չէ` այս պահին բանաձեւը քանի՞ աջակից ունի Կոնգրեսում, սակայն նշել է, որ այն մոտ ապագայում քվեարկության չի դրվելու:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»