Ալի Բաբաջանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են Հայոց ցեղասպանության թեման

BabacanHClintonԳեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության թեման: Այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտնել է Բաբաջանը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է. – «Միացյալ Նահանգների ղեկավարությունը հստակ ըմբռնում է, որ սա մեզ համար ցավոտ հարց է: Դրա հետ մեկտեղ ես կոչ կանեի Բարաք Օբամային զերծ մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց: Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը բացառելն անհնար է:

«Վտանգը, որ Օբաման կճանաչի այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն դեռեւս առկա է: Պետք չէ մոռանալ, որ նախընտրական շրջանում նա դա արել է հինգ անգամ», – հայտարարել է Բաբաջանը:

Խոսելով պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումների մասին Բաբաջանը նշել է. – «Սա շարունակական գործընթաց է, որը սկիզբ է առել դեռ 2007 թվականի սեպտեմբերին: Ճիշտ է, մեկ տարի շարունակ հայկական կողմի խնդրանքով այն ընթանում էր գաղտնիության պայմաններում»:

NTV-ին տված հարցազրույցում Ալի Բաբաջանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական տարաձայնությունները չեն խոչընդոտի Անկարայի եւ Վաշինգթոնի գործակցությանը:

«Նունիսկ այս ցավոտ հարցի շուրջ մենք ամերիկացիների հետ շփվում ենք առանց որեւէ դժվարության», – հայտարարել է Բաբաջանը` ընդհանուր առմամբ բավական բարձր գնահատելով Հիլարի Քլինթոնի այցի արդյունքները:

Շաբաթ օրը Հիլարի Քլինթոնը Անկարայում հայտարարեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագահ Օբաման կայցելի Թուրքիա:

CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով պետքարտուղարության աղբյուրները, հաղորդում է, որ Օբամայի այցը Անկարա նախատեսված է ապրիլի սկզբին: Թուրքիան կլինի ԱՄՆ-ի նախագահի առաջին եվրոպական շրջագայության վերջին կանգառը:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»