Ալի Բաբաջան. «Թուրքիան եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության հաստատմանը»

«Թուրքիան եւ Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը», – ասել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` զգուշացնելով, որ «Օսմանյան թուրքերի կողմից hայերի ցեղասպանության մասին պնդումների ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից կարող է խաթարել կարգավորման գործընթացը»:

Today’s Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը ասել է. – «Մենք չենք փորձում սպառնալ: Մենք չեն ասում` եթե դուք այս բանաձեւը ընդունեք, մենք այս կամ այն կերպ կվարվենք: Պարզապես մենք նրանց [ամերիկացիներին] ներկայացնում ենք Հարավային Կովկասում առկա իրավիճակը»:

«Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը երբեք այսքան մոտ չի եղել: Չեմ ասում, թե մենք որոշակի լուծման ենք եկել, սակայն մենք շատ մոտ ենք [դրան]», – հայտարարել է Բաբաջանը:

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ առաջիկա 3-4 շաբաթներին թուրք դիվանագետների 5 հոգուց բաղկացած թիմը կայցելի Միացյալ Նահանգներ եւ հանդիպումներ կունենա ամերիկացի պաշտոնյաների հետ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի խնդիրը քննարկվելու է նաեւ մարտի 7-ին նախատեսված` Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»